top of page

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողով. ակնաբուժություն, նեոնատոլոգիա, ներզատաբանություն

Ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ը Երեւանում, ՀՀ  տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը:

Համաժողովին կմասնակցեն ակնաբուժության, նեոնատոլոգիայի եւ ներզատաբանության ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից: Ելույթներով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցների եւ համալսարանների՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Ջուլիես Սթեինի աչքի ինստիտուտի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի, Իրվինում Կալիֆորնիայի համալսարանի, Գրեյթ Օրմոնդ Սթրիթ մանկական հիվանդանոցի եւ Մուրֆիլդի աչքի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց փորձը եւ զարգացման միտումները:

Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, «Աչքի սամարացիներ ինթերնեշնլ»-ի (Eye Samaritans International) (ԱՄՆ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել մանկական եւ ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների եւ ներզատաբանների համար՝  կենտրոնանալով ակնային հիվանդությունների վրա: Միջազգային համաժողովը տարբեր ոլորտներում գիտելիքի եւ փորձի փոխանակման, ինչպես նաեւ առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հզոր հարթակ կլինի:

Առաջին օր (սեպտեմբերի 24, երկուշաբթի).

Կմեկնարկի լիագումար նիստով, որտեղ կներկայացվեն առանձքային գործընկերների ընթացիկ ծրագրերը, որոնք առողջապահության ոլորտում ամպային նոր տեխնոլոգիաներ են կիրառում՝ ինչպես օրինակ անհասության ռետինոպաթիայի հայտնաբերման եւ բուժման ծրագրի համար ստեղծված համակարգեր, շաքարախտային ռետինոպաթիայի սքրինինգի եւ առողջապահության ոլորտի տվյալների մշակման համար նախատեսված արհեստական բանականություն: Ապա տեղի կունենա երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ մանկական ակնաբուժություն (հիմնական շեշտադրումը՝ անհասության ռետինոաթիա եւ դպրոցականների ակնային զննում) եւ ներզադաբանություն (հիմնական շեշտադրումը՝ առաջին եւ երկրորդ տիպի մանկական շաքարախտի վարում, մետաբոլիկ սինդրոմ եւ գիրություն):

Երկրորդ օր (սեպտեմբերի 25, երեքշաբթի).

Կներառի համաժամանակյա թեմատիկ նիստեր՝ նվիրված ընդհանուր ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային: Ընդհանուր ակնաբուժության նիստին անդրադարձ կկատարվի ցանցաթաղանթին եւ շաքարախտային ռետինոպաթիային, գլաուկոմային, կատարակտ-կերատոպլաստիկային, նյարդա-ակնաբուժությանը եւ օրբիտալ վիրահատություններին: Նեոնատալոգիայի նիստին այլ հարցերի շարքում կքննարկվեն ոչ-ինվազիվ օդափոխության, սնուցման հարցերը եւ անհաս նորածինների խնամքի նոր մեթոդները:

Երրորդ օր (սեպտեմբերի 26, չորեքշաբթի).

Մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, ծանոթանալու սիմուլիացիոն տիկնիկների միջոցով նորածինների խնամքի վերապատրաստման նոր մոտեցումներին եւ մասնակցելու կրթական այլ դասընթացների:

Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների եւ լավագույն փորձի ներկայացում, թեմատիկ քննարկումներ եւ հարցուպատասխան: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգիներից, ներզատաբաններից եւ խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաեւ առողջաահական համակարգի պատասխանատուների եւ քաղաքականություն մշակողների համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին կամ լրացնել մասնակցության հայտը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSclq8ncTa07CC-HybmrxHDfEhaa00-biEdvuV6rfbUR9W9j6Q/viewform?c=0&w=1): Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է վերջինիս համառոտագիրն ուղարկել aecp@aecp.am հասցեին մինչեւ ս.թ. օգոստոսի 1-ը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը: Համառոտագրի ձեւաչափը կներկայացվի շուտով: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ (հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am):

bottom of page