ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ` ՀԱՆ) բարեգործական կազմակերպություն է, որ 1992 թ. ԱՄՆ-ում հիմնադրել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը: Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել Հայաստանում ձեռքբերովի կուրությունը: Այդ նպատակով իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ: Սփյուռքի մեր հայրենակիցների և այլ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել բազմաթիվ թանկարժեք ակնաբուժական բուժպարագաներ, սարքավորումներ և դեղորայք:
2003 թ. ՀԱՆ-ը սկսել է իր «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են` բուժգնություն, տվյալների հավաքագրում և հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում, հանրային ուսուցում և իրազեկում և կարողությունների զարգացում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում` բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:
2010 թ. ՀԱՆ-ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների և բուժման ազգային ծրագիրը», որը 2012 թ. իր շարունակությունը ստացավ ՀԱՆ-ն ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» եռամյա ծրագրի շրջանակներում: ՀԱՆ-ը կստեղծի մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, որի տեսլականն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխագելել ԱՌ հիվանդության հետևանքով մանկական կուրությունը:
ՀԱՆ-ի գործունեությունը մեծապես նպաստել է Հայաստանում «Կուրության կանխարգելման ռազմավարական ծրագրի» իրականացմանը:
ՀԱՆ-ն իր առաքելությունը ՀՀ-ում իրականացնում է երկրում ու դրանից դուրս գտնվող իր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:
ՀԱՆ-ի հիմնական գործընկերներն են`
- ՀՀ առողջապահության նախարարությունը,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
- ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանները,
- Երևանի քաղաքապետարանը, գյուղական համայնքապետարանները
- Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը,
- Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը,
- Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 ՀԿՀ ակնաբուժական կլինիկան,
- Մարզային բժշկական կենտրոնները, առողջության կենտրոններն ու ԲՄԿ-ները,
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և հարակից առողջապահական և կրթական ծրագրերը,
- Orange Հիմնադրամը,
- Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ Սփյուռքում,
- Մի շարք երկրների դեսպանություններ,
- Բազմաթիվ հասարակական և միջազգային կազմակերպություններ:
Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ) առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում