top of page

ՆՈՐ օնլայն գործիք ընտանեկան բժիշկների համար

ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) վերջին մի քանի տարիների ընթացքում մարզերի առաջնային օղակի շուրջ 2000 բուժաշխատողների և ընտանեկան բժիշկների համար իրենց բնակավայրերում կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ, որոնց հիմքում ՀԱՆ-ի հեղինակած «Աչքի հիվանդություններ» ձեռնարկն է՝ հայերենով առաջին ակնաբուժական հրատարակություններից մեկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ:



Այս դասընթնացները զգալիորեն նպաստել են բազմաթիվ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակի բարձրացմանը: Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ներկայումս մարզերում այլևս դասընթացներ չեն իրականացվում՝ ՀԱՆ-ի կողմից այժմ կատարվել է հերթական քայլը։ Մշակվել է առցանց մի գործիք, որն առաջնային օղակի բուժաշխատողներին հնարավորություն կտա արդեն համացանցի միջոցով կրկին վերհիշել անցած դասընթացները կամ հարստացնել գիտելիքները:

Թեստը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել և ամրապնդել իրենց գիտելիքներն ակնային խնամքի և աչքի հիվանդությունների վերաբերյալ:


Հիմքում նույն «Աչքի հիվանդություններ» ձեռնարկն է:



Թեստի վիդեո ուղեցույց

(ուղեցույցն ամբողջ էկրանով դիտելու համար խնդրում ենք սեղմել տեսանյութի պատուհանի ներքևի աջ մասում Youtube գրվածքի կողքին գտնվող  “Full Screen” կարգավորումը)

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Թեստին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել աջ կողմում գտնվող կոճակի վրա:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ սերտ համագործակցությամբ հաջողվեց  ՀԱՆ-ի փորձարարական այս նոր նախաձեռնությունը ի մի բերել: Հիմնադրամը ՀԱՆ-ի վաղեմի գործընկերներից է, և ցուցաբերած աջակցությունը Հայաստանում առողջապահական համակարգի բարելավմանն ուղղված ևս մեկ քայլ է:



Արմավիրի և Արագածոտնի մարզերի 9 ընտանեկան բժիշկ առցանց պատասխանեցին երեք փուլով կազմված հարցերին, ինչն իսկապես ոգևորիչ արդյունք է:



Նախաձեռնության հաջող մեկնարկը նշանավորվեց ապրիլի 25-ին, երբ Արմավիրի մարզպետարանում թեստն անցած ընտանեկան բժիշկները հավաստագրեր ստացան:

Գրանցված արդյունքները և արձագանքները թույլ են տալիս նախաձեռնության զարգացման իրական հեռանկարներ ակնկալել:  Գաղափարն արդեն իսկ ներկայացվել է Կոտայքի մարզում: Շուտով այս հնարավորության մասին կտեղեկացվեն նաև ՀՀ այլ մարզերի բժիշկները:


Օնլայն թեստի մասին կարծիք են արտահայտում ընտանեկան բժիշկները՝


Բագրատ Մուխաելյան
ՀՀ, Արմավիրի մարզ, Հացիկի բուժամբուլատորիա, ընտանեկան բժիշկ


«Ողջունում են նման հնարավորությունը, քանի որ երբ ես փորձեցի հանձնել այս թեստը, ստիպված եղա ևս մեկ անգամ կարդալ ՀԱՆ-ի ձեռնարկը և վերհիշել իմ գիտելիքները: Սա շարունակական կրթության համար շատ լավ գաղափար է: Հարցերը նույնպես լավն են, պրակտիկ, առօրյա աշխատանքում կարևոր, օգտագործելի և իմաստավորված»:


Գայանե Սահակյան
ՀՀ, Արմավիրի մարզ, «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն, ընտանեկան բժիշկ


«Հաճելի անակնկալ էր, որ հնարավոր էր նման կերպով քննություն հանձնել: Ոչ մի դժվարություն չկա, քանի որ կարող ես ընթացքում գիրքը բացել և թերթել: Շատ հետաքրքիր էր և շատ լավ էր նրանով, որ ես նորից կարդացի և վերհիշեցի: Մենք այս ամենը սեմինարի ժամանակ անցել էինք, շատ լավ գիրք էին մեզ տվել: Կարծում եմ ընտանեկան բժշկի համար շատ օգտակար գործիք է»:


Լիլիթ Գասպարյան
ՀՀ, Արմավիրի մարզ, Բաղրամյանի բուժամբուլատորիա, ընտանեկան բժիշկ, տնօրեն


«Թեստն ինձ համար դժվարություն չներկայացրեց, քանի որ գրքում հեշտությամբ գտա բոլոր հարցերի պատասխանները: Այն այնքանով էր օգտակար, որ նորից վերհիշեցի հատկապես այն ամենը, ինչն այս ընթացքում չէր հաջողվել կիրառել աշխատանքում: Այս գիտելիքները լիովին բավարար են իմ պրակտիկայի համար, և այլ բժիշկների նույնպես խորհուրդ եմ տալիս անցնել այն»:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page