top of page
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսուհետ կգործի Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) գերժամանակակից սարքավորումներով հագեցած Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնը

27 հունիսի, 2016թ., ք. Սպիտակ – Այսօր ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Այս առիթով ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոն այցելեցին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ-ից  ժամանած անվանի ակնաբույժներ եւ ՀԱՆ-ի բարերարներ:

 

Կենտրոնում կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները՝ ապահովելով ակնային առողջության պահպանման ամբողջական շրջանը։ Վիրահատարանը հագեցած է նաեւ տեսակապի համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչի շնորհիվ տեղի բուժաձնակազմը անհրաժեշտության դեպքում կկարողանա կապ հաստատել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատության ընթացքում:

 

«Երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերի բնակչության բոլոր շերտերի համար եւ ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաեւ վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով կենտրոնի ինքնաֆինանսավորումը», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

 

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական տարաբնույթ ծառայություններ է մատուցում Լոռու մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը վեց անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում շուրջ 40,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, շուրջ 10,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,000 վիրահատվություն և լազերային բուժում, 10,500 բնակիչ ակնոց է ստացել: Այս աշխատանքները պարներական բնույթ էին կրում եւ իրականացվում էին երկու տարին մեկ հաճախականությամբ: Այսուհետ գերժամանակակից սարքավորումների եւ հատուկ վերապատրաստում ստացած մասնագետի առկայությունը մարզում կլուծի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիության հարցը ողջ տարվա ընթացքում:

 

Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ-ի կենտրոնը իրականություն է դարձել մի շարք կառույցների և անհատների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի եւ Ջոն եւ Հասմիկ Մկրտչյանների թոռնուհու հովանավորության շնորհիվ, ով ցանկանում է անանուն մնալ:

 

Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետի վերահսկողությամբ:

 

Ակնային տարաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսել է 2014թ.-ին Տավուշի մարզից, Լոռու մարզինը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ եւս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում։

 

Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ)

Հայկական ակնաբուժության նախագիծը 2003 թ.-ից ի վեր  իրականացնում է  «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը: Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։

Դիտել տեսանյութը

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page