top of page

2012 թ. Տեսողության համաշխարհային օրը

Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) ս.թ հոկտեբերին  հանդես եկավ միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ:


Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում:


«Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել «Լույս մանուկների աչքերին» խորագրով և անդրադառնալ մանկական կուրության կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում»,- ասաց ՀԱՆ-ի հայստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Միջոցառումներն սկսվեցին հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, որտեղ ՀԱՆ-ն անցկացրեց մեծահասակների ակնային զննումներ, ինչպես նաև տեղի երեխաների ու բնակիչների համար կազմակերպեց անակնկալ: ՀԱՆ-ի հրավերով Հացիկ գյուղ էին ժամանել Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան սաները, ովքեր գյուղի միջնակարգ դպրոցի բակում կատարեցին անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրավիրելով բոլորին պարի: 

Հայկական ակնաբուժության նախագծի
(ՀԱՆ)  առաքելությունն է կանխարգելել
ձեռքբերովի կուրությունը
Հայաստանում

Ընթացքում տեղի բնակիչներին բաժանվեցին  Տեսողության համաշխարհային օրվան համահունչ ուղերձներով և օգտակար տեղեկատվությամբ թերթիկներ, ինչպես նաև Անհասության ռետիոնպաթիա ակնային հիվանդությունը նկարագրող հանրակրթական բրոշյուրներ:

Հոկտեմբերի 13-ին, ՀԱՆ-ի աջակցությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկ Լիլիթ Մկրտչյանը հատուկ ակնային զննումներ իրականացրեց Երևանի թիվ 14 մասնագիտացված դպրոցում սովորող թույլ տեսողությամբ երեխաների համար:

Նույն օրը, ՀԱՆ-ը միացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բարեգործական նախաձեռնությանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, որտեղ դեսպանատան աշխատակիցները ներկեցին վերանորոգման կարիք ունեցող տեղի դպրոցի պատուհանները, իսկ ՀԱՆ-ը իրականացրեց ակնային զննումներ:


ՀԱՆ-ի բժիշկները հետազոտեցին 136 մարդու, որոնցից 12-ն ուղեգրվեց ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոց վիրահատվելու կամ լազերային բուժում ստանալու համար, իսկ 52 անհատների համար դուրս գրվեցին անվճար ակնոցներ:

ԱՄՆ դեսպանության և ՀԱՆ-ի անձնակազմերը մասնակցեցին նաև տեղի դպրոցականների կողմից կազմակերպված բերքի տոնի տոնավաճառին:


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած բարեգործական համերգները եզրափակեցին Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդես եկավ աշխարահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրիանը, ով Երևան էր ժամանել Մեծ Բրիտանիայից` ՀԱՆ-ի հատուկ հրավերով: Հոկտեմբերի 25-ին Լևոն Չիլինինկիրիանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարների հետ միասին հանդես եկավ նաև Քաենի սիմֆոնիկ նվագախմբի (Ֆրանսիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (պիանո): Համերգից ստացված ողջ հասույթը կօգտագործվի Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման ծրագրերի համար:

  • s-facebook
  • s-youtube
  • s-tbird
bottom of page